Հովհաննեսի Ավետարանի առաջին էջում կարդում ենք, որ կյանքը Քրիստոսով է և այդ կյանքը մարդկանց համար լույս էր: Եվ այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ (Հովհ.1.1-9): Պողոս առաքյալը հորդորում է հավատացյալներին ապրել որպես լույսի որդիներ: Նա ասում է, որ թեպետ մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր. ընթացե՛ք ինչպես լույսի որդիներ, որովհետև լույսի պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը (Եփես. 5.7-9): Այնուամենայնիվ լույսի մասին, հատկապես աստվածային լույսի վերաբերյալ ոչ ոք այնքան շատ և այնքան խոր չի գրել, որքան Սիմեոն Նոր Աստվածաբանը: Նա աստվածային լույսը մերթ անվանում է Հավերժական Լույսի` Աստծո ցոլք, որն իմանալի լույս է, մերթ` Աստծո երեք դեմքերին ներհատուկ լույս, ասելով, որ Հայրը լույս է, Որդին լույս է և Սուրբ Հոգին լույս է, և երեքը միասնական լույս են, պարզ, անբաժանելի, ժամանակից դուրս: Աստվածաբանական գրականության մեջ նշվում է, որ Սուրբ Հայրերի մեծ մասը, խոսելով Պայծառակերպության մասին, այդ լույսը համարում է Աստվածային, անստեղծ լույս, որը Տիրոջ Պայծառակերպության ընթացքում Թաբոր լեռան վրա հայտնվեց առաքյալներին: Այդ լույսը ներհատուկ է Աստծուն, անվախճան է, նախասկզբնական, անստեղծ, դուրս է ժամանակից և տարածությունից: Սիմեոն Նոր Աստվածաբանը նկարագրում է իր ապրումներն ու փորձառությունը աստվածային լույսի վերաբերյալ: Նա գրում է, թե մտովի պատկերացրու, որ այս ամբողջ աշխարհը մռայլ, խավար բանտ է, և որ մեր արեգակի լույսը նույնն է, ինչ փոքրիկ կանթեղի լույսը, որը թույլ լուսավորում է բանտում գտնվողներին: Իսկ բանտից դուրս եռադեմ Լույսն է` ամեն մի լույսից, ամեն մի խոսքից և ամեն բանականությունից վեր, անճառելի, անմատույց, որը լուսավորում է այն, ինչ անտեսանելի է, անիմանալի և անբացատրելի` այս աշխարհի բանտում գտնվողների համար: Թեպետ ոմանք մտածում են, թե հասկանում են այդ և հայում են Աստվածաշունչ գրքերի միջոցով, բայց կան նաև այնպիսիները, և արդյո՞ք նրանք մեծամասնություն չեն կազմում, ովքեր բոլորովին չգիտեն, որ բացի այս տեսանելի իրերից կան նաև անտեսանելի իրեր: Եվ այսպես, երբ մենք ամբողջ եռանդով, ամբողջ հավատով և սիրով չենք ձգտի տեսնել այն լույսը, որն այս աշխարհի բանտից դուրս է, և այն իրերը, որոնք գտնվում են այդ լույսի մեջ և այդ աշխարհում, քանզի ձգտողներից ոչ ոք չի արժանացել և չի արժանանա լույսի տեսությանը, բայց, նախ ձգտենք պահպանել Աստծո պատվիրանները, ապաշխարել, զղջալ և խոնարհվել, այնժամ և մեզ համար կբացվի մի փոքր անցք աշխարհի առաստաղում` տեսանելի երկնքում, իսկ անցքից մի փոքր կերևա աննյութական և իմանալի այդ լույսը, որը վեր է երկնքից, և հենց հոգին տեսնի այն, հափշտակության մեջ կընկնի և կքարանա մինչ այդ իր կողմից երբևէ չտեսած այդ նոր և փառավոր հրաշքի տեսիլքից: Հափշտակելով երկինք` հոգին ստիպված է այնտեղ մնալ, մտքով խորանալ այդ անմտածելի լույսի մեջ, վերջնալույսին չնմանվող և չդադարող, և գիշեր ու ցերեկ խորասուզվել հայեցողության մեջ: Եվ այլևս ցանկություն չի ունենա վերադառնալու աշխարհի բանտը և նայելու նրանում եղած իրերին: Եվ ահա այս հայեցողությունն է, որ ինչպես ասացի, սկսնակների հայեցողությունն է, ովքեր ոչ վաղուց են դուրս եկել առաքինությունների սխրանքներին ընդառաջ: Իսկ երբ մարդը երկար ժամանակ մնում է այդ լույսի հայեցողության մեջ, չվերադառնալով աշխարհ, այնժամ բացվում է երկինքը կամ նրա սրտի աչքը, այսինքն` միտքը, չի կարող նա որոշակի ասել` բացվում է մի՞տքը, թե՞ երկինքը, և այդ լույսը մուտք է գործում նրա հոգին, հրաշալի լույսի լույսը, և լուսավորում է նրան, որքան կարող է այդ տանել նրա մարդկային բնությունը, կամ որքանով նա արժանի է դրան: Եվ եթե նա մնա այդ լույսի մեջ, ապա լույսն էլ նրա մեջ կմնա, որով լուսավորված, նա կտեսնի և լրացուցիչ մտածելով կգտնի գաղտնիքը` գաղտնիքի հրաշքը, հրաշքի հետևից` հայեցողությունից հայեցողություն բարձրանալով, որոնք, եթե այդպիսիներից մեկը ցանկանար մանրակրկիտ նկարագրել, չէին բավականացնի ո՛չ թուղթը, ո՛չ թանաքը, ո՛չ ժամանակը:
Արդ, կարդալով Սիմեոն Նոր Աստվածաբանի ապրումներն ու փորձառությունը հավիտենական լույսի մասին, հասկանում ենք, որ առանց աստվածային լույսի կյանք չկա, և Ավետարանը հորդորում է լինել լույսի որդիներ, որ փայլենք, ինչպես արեգակը և անհուն տիեզերքում պայծառանանք որպես մի կենդանի աստղ` զարդարելով այնտեղ երաժշտական նոտաների համամասնությամբ սփռված աստղերի շարքը:
Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ